2 Thessalonians 3
1 Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ,
2 և որպեսզի անօրեն ու չար մարդկանցից ազատվենք, որովհետև ոչ բոլորը հավատ ունեն։
3 Բայց Տերը հավատարիմ է. նա ձեզ կհաստատի և կպահի չարից։
4 Տիրոջով վստահություն ունենք ձեզ վրա, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, անում եք ու կանեք։
5 Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծու սերն ու Քրիստոսի համբերությունը։
6 Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում ենք ձեզ, որ հեռու մնաք բոլոր այն եղբայրներից, որ անկարգ են ապրում և ոչ թե համաձայն այն պատվիրանի, որ մեզանից ստացան։
7 Որովհետև դուք գիտեք, թե ինչպե՛ս պետք է նմանվեք մեզ, քանի որ ձեր մեջ անկարգությամբ չվարվեցինք,
8 ոչ էլ որևէ մեկի մոտ ձրի հաց կերանք, այլ ջանքով ու վաստակով գիշեր ու ցերեկ աշխատելով, որպեսզի ձեզանից որևէ մեկի վրա ծանրություն չլինենք։
9 Ոչ թե իբր իրավունք չունեինք, այլ որպեսզի ինքներս մեզ օրինակ դարձնեինք ձեզ՝ մեզ նմանվելու համար։
10 Հիրավի երբ ձեզ մոտ էինք, այս էինք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի։
11 Որովհետև ձեզանից ոմանց մասին լսում ենք, որ անկարգությամբ են վարվում, չեն աշխատում, այլ պարապ ման են գալիս։
12 Այդպիսիներին պատվիրում ենք և խնդրում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն ու իրենց հացն ուտեն։
13 Բայց դուք, եղբայրնե՛ր, բարիք գործելուց մի՛ ձանձրացեք։
14 Եվ եթե մեկը այս նամակով չհնազանդվի մեր խոսքին, դուք նրան նկատողությո՛ւն արեք և նրա հետ մի՛ շփվեք, որ ամաչի։
15 Բայց թշնամի մի՛ համարեք, այլ խրատե՛ք նրան որպես եղբոր։
16 Իսկ ինքը՝ խաղաղության Տերը, թող ամեն ժամ ու ամեն կերպ ձեզ խաղաղություն տա։ Տերը ձեզ բոլորիդ հետ։
17 Այս ողջույնը իմ՝ Պողոսիս ձեռքով է, որ նշան է բոլոր նամակներում. այսպես եմ գրում.
18 «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ»։ Ամեն։